Կարևոր տեղեկություն Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի վերաբերյալ

ԱՄՍ-ները պահանջում են, որ աուդիտորը ձեռք բերի ողջամիտ երաշխիք առ այն, որ ֆինանսական հաշվետվությունները, ամբողջությամբ վերցրած, զերծ են էական խեղաթյուրումներից՝ խարդախության կամ սխալի պատճառով: Ողջամիտ երաշխիքը հավաստիացման բարձրագույն աստիճանն է: Այն ձեռք է բերվում, երբ աուդիտորը հավաքագրել է բավականաչափ ու համապատասխան ապացույցներ՝ աուդիտի ռիսկը (այսինքն, այն ռիսկը, որ աուդիտորը կարտահայտի անհամապատասխան կարծիք՝ ֆինանսական հաշվետվությունների էապես խեղաթյուրված լինելու դեպքում) մինչև ընդունելի ցածր մակարդակը նվազեցնելու համար: Սակայն ողջամիտ երաշխիքը հավաստիացման բացարձակ աստիճանը չէ, քանի որ կան աուդիտի ներքին սահմանափակումներ, որոնց հետևանքով աուդիտորական ապացույցները, որ հիմք են ծառայում աուդիտորի եզրահանգումների և կարծիքի համար, մեծամասամբ առավելապես կրում են համոզիչ, քան որոշիչ բնույթ:

Էականության սկզբունքը կիրառվում է աուդիտորի կողմից` թե աուդիտի պլանավորման ու իրականացման ժամանակ, թե հայտնաբերված խեղաթյուրումների ազդեցությունը աուդիտի վրա գնահատելու և չուղղված սխալների ազդեցությունը, եթե այդպիսիք կան, ֆինանսական հաշվետվությունների վրա գնահատելու ժամանակ: 1 Սովորաբար խեղաթյուրումները, ներառյալ բացթողումները, համարվում են էական, եթե կարելի է պատճառաբանված կերպով ակնկալել, որ, առանձին կամ միասին վերցրած, նրանք ազդեցություն կունենան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա օգտագործողների կողմից կայացվող տնտեսական որոշումների վրա: Էականության վերաբերյալ դատողություններն արվում են շրջապատող հանգամանքների լույսի ներքո և կրում են աուդիտորի կողմից ֆինանսական հաշվետվություններից օգտվողների ֆինանսական կարիքների ընկալման և խեղաթյուրման չափերի կամ բնույթի, կամ էլ դրանց համակցության ազդեցությունը: Աուդիտորի եզրակացությունը վերաբերում է ֆինանսական հաշվետվություններին՝ որպես ամբողջություն վերցրած, հետևաբար, աուդիտորը պատասխանատվություն չի կրում այն խեղաթյուրումների համար, որոնք էական բնույթ չեն կրում որպես ամբողջություն դիտվող ֆինանսական հաշվետվությունների համար:

ԱՄՍ-ները պահանջում են, որ աուդիտորը աուդիտի պլանավորման ու իրականացման ընթացքում կիրառի մասնագիտական դատողություն ու պահպանի մասնագիտական կասկածամտությունը և, մասնավորապես.

  • հայտնաբերի ու գնահատի խարդախության կամ սխալի հետևանքով առաջացած էական խեղաթյուրման ռիսկերը՝ հիմնվելով կազմակերպության ու նրա միջավայրի մասին պատկերացումների վրա՝ ներառյալ կազմակերպության ներքին վերահսկողությունը,
  • ձեռք բերի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ էական խեղաթյուրումների առկայության վերաբերյալ՝ գնահատված ռիսկերի համար համապատասխան միջոցառումների մշակման ու իրագործման միջոցով,
  • ձևավորի կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ՝ հիմնվելով ձեռք բերված աուդիտորական ապացույցներից արված եզրահանգումների վրա: