Ոչ նյութական ակտիվներ- ինտերնետային կայքի ծախսումներ

Կազմակերպությունը կարող է կատարել ներքին ծախսումներ` ներքին կամ արտաքին հասանելիությամբ իր սեփական ինտերնետային կայքի մշակման և օգտագործման նպատակով: Արտաքին հասանելիության համար նախագծված ինտերնետային կայքը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, ինչպիսիք են կազմակերպության սեփական արտադրանքի ու ծառայությունների առաջխաղացումն ու գովազդը, էլեկտրոնային ծառայությունների մատուցումը և ապրանքների ու ծառայությունների վաճառքը: Ներքին հասանելիության համար նախագծված կայքը կարող է օգտագործվել կազմակերպության քաղաքականության և հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պահպանելու և համապատասխան տեղեկատվություն որոնելու համար:

Այսպիսով կազմակերպության կողմից մշակված և ներքին ու արտաքին հասանելիության համար նախատեսված սեփական ինտերնետային կայքը ներստեղծված ոչ նյութական ակտիվ է, որը ենթակա է ՀՀՄՍ 38-ի պահանջներին:

Ոչ նյութական ակտիվը պետք է ճանաչվի միմիայն այն դեպքում, երբ՝ ա) հավանական է, որ ակտիվին վերագրելի ակնկալվող ապագա տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն. բ) ակտիվի արժեքը կարող է արժանահավատորեն չափվել:
Կազմակերպությունը պետք է գնահատի ակնկալվող ապագա տնտեսական օգուտների հավանականությունը՝ օգտագործելով խելամիտ և հիմնավորված ենթադրություններ, որոնք արտացոլում են ղեկավարության` այն տնտեսական պայմանների ամբողջական կազմի լավագույն գնահատականը, որոնք առկա կլինեն ակտիվի օգտակար ծառայության ընթացքում:

Մշակումից (կամ ներքին նախագծի մշակման փուլից) առաջացող ոչ նյութական ակտիվը պետք է ճանաչվի միմիայն այն դեպքում, երբ կազմակերպությունը կարող է ցուցադրել ստորև բերվածն ամբողջությամբ՝ ա) ոչ նյութական ակտիվն այնպիսի ավարտուն վիճակի հասցնելու տեխնիկական իրագործելիությունը, որ այն մատչելի լինի օգտագործման կամ վաճառքի համար. բ) ոչ նյութական ակտիվն ավարտին հասցնելու և այն օգտագործելու կամ վաճառելու իր մտադրությունը. գ) ոչ նյութական ակտիվն օգտագործելու կամ վաճառելու իր կարողությունը. դ) այն, թե ինչպես է ոչ նյութական ակտիվն առաջացնելու հնարավոր ապագա տնտեսական օգուտներ: Ի թիվս այլոց, կազմակերպությունը պետք է ցուցադրի ոչ նյութական ակտիվի միջոցով ստեղծվող արդյունքի կամ հենց այդ ոչ նյութական ակտիվի համար շուկայի առկայությունը, կամ, եթե ակտիվը օգտագործվելու է կազմակերպության ներսում, ապա ոչ նյութական ակտիվի օգտակարությունը. ե) մշակումն ավարտին հասցնելու և ոչ նյութական ակտիվն օգտագործելու կամ վաճառելու համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկական, ֆինանսական և այլ միջոցների առկայությունը. զ) ոչ նյութական ակտիվին մշակման ընթացքում վերագրելի ծախսումներն արժանահավատորեն չափելու իր կարողությունը: