Հարկեր

Հարկային հաշվառման վարումը առևտրային ընկերությունների կողմից, որպես հաշվապահական հաշվառման նոր ուղղության առաջացում ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջ է։ Ի տարբերություն ֆինանսական հաշվառման, որն իրականացվում է հաշվառման ստանդարտների խիստ, բարդ և պարտադիր պահանջներին համապատասխան, հարկային հաշվառումը չունի վարման նման փաստաթղթային կարգավորում։ Հարկային հարաբերությունները և հարկումը կարգավորող օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվային փաստաթղթերով և այլ իրավական ակտերով չեն սահմանվում հարկային հաշվառման նպատակները, հիմնական սկզբունքները, ինչպես նաև մեթոդները։

Ըստ վերը նշվածի` առևտրային ընկերությունները պետք է ինքնուրույն կազմակերպեն և ներդնեն հարկային հաշվառման համակարգ: Անհրաժեշտ է սկսել հարկային հաշվառման քաղաքականության մշակումից և ներդրումից։

Հաշվապահական հաշվառման քաղաքականությունն ընդգրկում է որոշակի սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձևեր և արարողակարգեր, որոնք կիրառվում են կազմակերպության կողմից ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու նպատակով:

Հարկային հաշվառման քաղաքականությունը պետք է հաստատվի ընկերության ղեկավարության հրամանով։ Նման քաղաքականությունը կարող է լինել ինչպես ընկերության սովորական հաշվառման քաղաքականության մի մասը, այնպես էլ ընդունվի որպես առանձին փաստաթուղթ։ Գործնականում հարկային հաշվառումը կարելի է վարել երկու եղանակով.

  • հարկային հաշվառումը զուգակցել ֆինանսական հաշվառման հետ,
  • հարկային հաշվառումը վարել որպես հաշվառման ինքնուրույն, անկախ համակարգ։

Առաջին եղանակով հաշվառումը կազմակերպելիս ընկերությունները որպես հիմք են ընդունում ֆինանսական հաշվառմանտվյալները, այնուհետև, ելնելով հարկային օրենսդրությամբ սահմանված նորմերի ու դրույթների պահանջներից և հարկային հաշվառման նպատակներից ու խնդիրներից, իրականացնում են համապատասխան ճշգրտումներ։ Փորձը ցույց է տալիս, որ այս եղանակով հարկային հաշվառումը ունի իր առավելություններն ու թերությունները։ Ամենակարևոր առավելությունն այն է, որ համեմատաբար քիչ աշխատատար է, հետևաբար` քիչ ծախսատար, իսկ իբրև հիմնական թերություն կարելի է նշել այն, որ ֆինանսական հաշվառման համակարգում, հատկապես խոշոր ընկերություններում, ընդգրկված են մեծ թվով հաշվային աշխատողներ, որոնցից ոչ բոլորն են բավարար չափով ծանոթ հարկային օրենսդրությանը և ընթացիկ աշխատանքում կարող են թույլ տալ սխալներ, ինչն ընկերության հարկային հաշվառման պատասխանատուների համար կստեղծի դժվարություններ դրանք բացահայտելու, ուղղելու կամ ընդհանրապես չբացահայտելու առումով։

Երկրորդ եղանակի հիմնական թերությունը աշխատատարությունն ու ծախսատարությունն է։ Պարզ է, որ հաշվառման նման համակարգի կիրառումը Ընկերություններից կպահանջի լրացուցիչ ռեսուրսներ` ժամանակ, աշխատուժ, դրամական միջոցներ և այլն։